Պահքը քրիստոնեական կյանքի անբաժանելի մասն է կազմում:
Ընդհանուր առմամբ, տարվա օրերի համարյա կեսը կազմում են պահքի օրերը:
Ինչու՞ է Եկեղեցին պահքին այդչափ մեծ նշանակություն տալիս: Չէ՞ որ, թվում է, Աստծո հետ մեր հարաբերությունների համար ի՞նչ նշանակություն պիտի ունենան կերած կամ չկերած երշիկը կամ թթվասերը: Նման հարցեր սովորաբար տալիս են հավատքից և Եկեղեցուց հեռու մարդիկ: Պատասխանենք, որ մեր հարաբերությունները Աստծո հետ, հոգևոր կյանքը մեծապես կախված են այն բանից՝ պահու՞մ ենք մենք Եկեղեցու պահքի կանոնները, թե՞ սովոր չենք մեզ երբևէ զրկել որևէ բանից: Յուրաքանչյուր քրիստոնյայի պահք պահելու անհրաժեշտությունը հաստատելու համար ներկայացնենք համառոտ մի քանի պատճառներ:
1.Նախ` պահքը մեր մասնակցությունն է Քրիստոսի կյանքին և չարչարանքներին: Աստծո Որդին համբերեց Խաչի վրա, մեզ համար խաչվեց, և մենք մեր չափով պետք է պատասխանենք Նրա անսահման զոհաբեր սիրուն` պետք է տքնենք ու չարչարվենք Նրա հետ, մասնակից լինենք Նրա սխրանքին, Նրա Խաչին: Սակայն մենք գիտենք, որ մարդը տկար է և հաճախ կապված է լինում երկրավոր ինչքերին ու անկարող է գտնվում իր սեփական կամքով ինքնիրեն որևէ բանում չափավորել: Դրա համար և Եկեղեցին, որպես մեր հոգևոր մայր, իմաստուն կերպով հաստատել է պահքի օրեր, որպեսզի մարդը, պահք պահելով, կարողանա մի փոքր չարչարանակից լինել Քրիստոսին և մասնակից դառնալ Քրիստոսի կյանքի սխրանքին:
2. Պահքը շատ է օգնում քրիստոնյաներիս մեր փրկության թշնամու դեմ հոգևոր պատերազմում, որին մենք բոլորս կոչված ենք: Պողոս առաքյալն ասում է, որ մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ խավարի իշխանությունների, չար ոգիների դեմ, որոնք երկնքի ներքո են: Նրանց դեմ պայքարելով` մենք պիտի կանգուն մնանք և հաղթենք: Եվ այս պայքարում զորավոր զենք է հանդիսանում պահքը: Այդ հզոր զենքի մասին ասում է նաև Քրիստոս. «Այս տեսակ դեւը,- ասում է Նա,- հալածվում է միայն աղոթքով եւ պահքով»: Սատանան իշխանություն վերցրեց Ադամի վրա, որը ճաշակեց արգելված պտուղը` պահքի օրենքը խախտելով: Հավանական է, որ չարի իշխանությունից ազատվելու եղանակը ճիշտ հակառակ ճանապարհով է` ժուժկալության և պահքի միջոցով: Ավետարանից ենք իմանում, թե ինչպես Քրիստոս, քառասուն օր անապատում պահք պահելով, առաջին հարվածը հասցրեց թշնամուն: Դրա մասին է ասում երանելի Իսահակ Ասորին. «Միայն պահքի միջոցով մարդկային բնությունը կարողացավ առաջին հաղթանակը տանել սատանայի դեմ, որովհետեւ մինչեւ պահքը մարդկային ցեղը չգիտեր հաղթանակ, իսկ սատանան երբեք չեր զգացել պարտություն մեր բնությունից, բայց այս զենքից (պահքից) սկզբից իսկ տկարացավ: Մեր Տերը եղավ անդրանիկը եւ առաջնորդը այդ հաղթանակի, որպեսզի մեր բնությանը պսակի առաջին հաղթական պսակով: Եվ երբ սատանան տեսնում է այդ զենքը մարդկանց որեւէ մեկի վրա, իսկույն ահաբեկվում է այս հակառակորդն ու ապականիչը, իսկույն հիշում է իր պարտությունը Տիրոջից անապատում, եւ ուժը նրա նվազում է եւ մեր Փրկչից տրված զենքից այրվում»:
3. Պահքի մասին պետք է ասել, որ այն մեզ շատ է օգնում հոգևոր կյանքում` աղոթքի, խոկման և Աստծո հետ հաղորդակցման մեջ: Մարդը կազմված է հոգուց և մարմնից, և սրանք, իրար հետ սերտ կապված լինելով, ազդում են մեկը մյուսի վրա, այնպես, որ հոգու վիճակը ազդում է մարմնի վրա: Եթե մարդու մարմինը խիստ հագեցած է, ապա և հոգին մարմնին և նյութին է հակվում, դառնում է ծանրաշարժ և անկարող երկրավոր ունայնություններից վեր սավառնել: Ինչպես թևերը կտրած թռչունը չի կարող երկինք թռչել, այդպես էլ իրեն ոչնչից չզրկող, հագեցած ստամոքսով մարդը չի կարող մերձենալ Աստծուն: «Հագեցած որովայնը,- ասում է սուրբ Իոան Կրոնշտադսկին,- կորցնում է հավատը, Աստծո երկյուղը և դառնում ծույլ` աղոթքի, Աստծուն փառաբանելու և գոհանալու մեջ»:
4. Եթե պահքը պահում ենք, հաստատում ենք, որ Եկեղեցին մեր մայրն է, և մենք նրա զավակներն ենք, որովհետև հնազանդվում ենք նրան: Եթե պահք չենք ուզում պահել, ապա դրանով ցույց ենք տալիս, որ Եկեղեցին մեզ մայր չէ, որ մենք չենք ուզում ենթարկվել իրեն, իբրև թե ավելի լավ գիտենք՝ ինչպես ճիշտ ապրել: Մահկանացու և ժամանակավոր մարմնի բժշկության համար բժիշկը դիետա է հանձնարարում, իսկ Եկեղեցու հաստատած պահքը հավիտենական հոգու բժշկության համար է, որպեսզի այն պատրաստվի երանելի, անվախճան կյանքին:
5. Պահքը հանդիսանում է զորավոր զենք մարմնի և արյան դեմ, որոնք, ըստ Պողոս առաքյալի խոսքի, չեն ժառանգում Աստծո Արքայությունը: «Մարմին» ասելով` պետք է հասկանալ մարմնի, իսկ «արյուն» ասելով` հոգու մեղքերն ու մոլությունները. «մարմինը» և «արյունը» մեղքի բորոտությամբ ապականված ադամական անկյալ բնության երկու բաղադրիչ մասերն են:
6. Պահքը նաև մեր զոհն է Աստծուն, մեր անձերի զոհաբերությունը: Եթե մենք նիհարել և գունատվել ենք պահքի ընթացքում, դա նշանակում է, որ մեզնից, սեփական մարմնից մի մասը ընծայաբերեցինք Աստծուն: Սուրբ հայրերի խոսքերի համաձայն, Աստծուն ավելի հաճելի են զոհաբերություններ, վշտեր ու չարչարանքներ, որոնք կատարվում են Իր անվան փառքի համար:
7. Պահելով Եկեղեցու հաստատված պահքի կանոնները` դառնում ենք սրբերի ու արդարների հետևողներ և նմանվողներ, նաև միավորվում ենք բոլոր սրբերի հետ` դառնալով նրանց եղբայրակից և զինակից: Սակայն պահքն էլ, ինչպես և մյուս քրիստոնեական առաքինությունները, պետք է կատարվեն խոհեմությամբ, որովհետև անխոհեմ կատարված առաքինությունը, օգուտ տալու փոխարեն, միայն կվնասի: Պահքի խստությունը լավ է, սակայն չափի մեջ պետք է լինի: «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցկանում, -ասում է Իսահակ Ասորին, - իսկ առանց չափի ամենագեղեցիկն անգամ ի վնաս է դառնում»: Մենք էլ պետք է որոշենք պահեցողության մեր չափը:
Պահքը պահանջում է, որ պահեցողի սրտում խաղաղություն տիրի: Եթե մարդ ապրում է մեծ քաղաքի ռիթմի մեջ, եթե հաճախ լարվում է ու տագնապի մեջ հայտնվում, ուրեմն պահքը նրա համար պետք է չափավոր լինի, քանի որ խիստ պահքը այս դեպքում օգուտ չի բերի: Բացի այդ, դա կարող է վնասել առողջությանը: Պահքը չի վնասում առողջությանը, եթե մարդու հոգին պարուրված է աստվածային շնորհով, խաղաղությամբ և աղոթքի մեջ է հարատևում: Հաճախ պատահում է, որ ֆիզիկապես վատառողջ մարդու հոգին ևս վնաս է կրում, որովհետեւ, հիվանդությունը կարող է խոչընդոտել նրանց հոգևոր առաջադիմությունը, ովքեր հոգեպես կատարյալ չեն: Այդ իսկ պատճառով Եկեղեցին թույլ է տալիս պահքի մեջ որոշ զիջումներ: Չէ՞ որ Եկեղեցին անհոգի դահիճ չէ, այլ իմաստուն և սիրող մայր: Նա չի ասում. «Պիտի մեռնես, բայց պահքը պահես»,- և բոլորին նույն չափով չի չափում: Օրինակ, հիվանդները ազատ են պահքից, քանի որ հիվանդությունը ինչ-որ տեղ փոխարինում է պահքին: Պահք պահելուց ազատ են նաև հղիները, կերակրող մայրերը, երեխաները, ծերերն ու ճամփորդողները: Ընդհանրապես, պետք է միշտ հիշել, որ պահեցողությունը նպատակ չէ, այլ նպատակին հասնելու միջոց: Այն իսկապես հզոր և անհրաժեշտ միջոց է, սակայն ընդամենը միջոց է, գործիք, իսկ նպատակը Աստծուն մերձենալն է և Նրա հետ հաղորդության մեջ լինելը: Նկարչի աշխատանքը գնահատվում է ոչ թե ըստ ունեցած կատարյալ գործիքների, այլ ըստ կատարյալ ստեղծագործությունների: Դրա համար, եթե պահքը դադարում է միջոց լինելուց և դառնում է նպատակ, այնժամ արդեն չի մոտեցնում, այլ հեռացնում է Աստծուց: Եվ դրա մասին մենք պետք է միշտ հիշենք:
Եվ այսպես, սիրելի եղբայրներ և քույրեր, պահքը զորավոր և մեծ զենք է ընդդեմ մեղքերի ու մոլությունների անտեսանելի հոգևոր մարտի մեջ, որը իրապես կարող է մեզ օգնել հոգեպես աճելու և զորանալու: Եթե մենք սովորենք ճիշտ օգտվել այդ զենքից, եթե փորձենք պահել եկեղեցական պահքի կանոնները մեր ուժերի չափով, ապա այն կօգնի մեզ բարձրանալ քրիստոնեական առաքինությունների աստիճաններով, Աստծուն հաճեցնել և բերել այն հոգևոր պտուղները, որոնք Աստված սպասում է մեզնից:
Ռուսերենից թարգմանեց
Դարբասի Հոգևոր Հովիվ
Տեր Ընծա քահանա. Միրզոյանը